Հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն դադարեցրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազամատակարարումը, տեղեկացրել են ընկերությունից։
«Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին՝ 00:30-ից, դադարեցվել է Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը»,- հայտնել են ընկերությունից։
Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ․ հատվածում տեղակայված գազալցակայաններից մեկում հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Նախնական վարկածով՝ պայթել էր հեղուկ գազի ցիստեռնը։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։ Հունիսի 7-ին ԱՆ-ն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Հունիսի 7-ին Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնները և պահանջները խախտելու հատկանիշներով։