Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում»,- ասված է հեռագրում։
Վարչապետը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Հունիսի 23-ին հայտնել էինք, որ Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով 9-ը մարդ է մահացել, որոնցից 7-ն իրավապահներ են։ 25 մարդ վիրավորվել էր։ Հունիսի 24-ի թարմացված տվյալներով՝ զոհված ոստիկանների թիվը 15 է։