Փրկարարները մարել են Արարատի մարզի Անյթապ գյուղում գտնվող բենզալցակայանի պահեստարանում բռնկված հրդեհը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ ծառայության՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի թիվ 39/3 հասցեում գտնվող բենզալցակայանի պահեստարանում հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 24-ին, ժամը 11:23-ին։ Նշվում է, որ գլանատակառից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք, որը դադարեցվել է լցակայանի աշխատակիցների կողմից։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 17։14-ին: Ժամը 12։35-ից 17։14-ը փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և կանխել հրդեհի տարածումը դեպի գլանատակառներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայությունից հավելում են, որ այրվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի խցիկը՝ մասամբ, սանհանգույց, էլեկտրական մալուխներ, երկու 200 լիտրանոց տարա՝ լցված դիզելային վառելիքով, փայտե տակդիրներ, անվադողեր, զսպանակավոր խողովակներ, ավտոմեքենայի լիցքավորման սարք, 6 կրակմարիչ, 2 գեներատոր: