Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 2800 մարդ, 8-ը՝ մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սաիդայի և Տյուրի հիվանդանոցները լի են վիրավորներով։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ կիբերհարձակման պատճառով վիրավորվել է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Դեսպանի կինը սոցցանցերում կատարած գրառման մեջ նշել է, որ ամուսինը լավ է, և միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել է։
Տեղեկություններ կան, որ վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպանատան ևս երկու աշխատակից։
«Հեզբոլլահ»-ն Իսրայելին պատասխանատու է համարել փեյջերների զանգվածային պայթյունների համար։
«Հեզբոլլահի» ներկայացուցիչը հաղորդակցվելու համար խմբավորման օգտագործած փեյջերների պայթեցումն անվանել է «անվտանգության ամենամեծ խախտումը»՝ Իսրայելի հետ գրեթե մեկ տարի տևած հակամարտության ընթացքում:
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ պայթյունների հետևանքով զոհվածներից մեկը Լիբանանի խորհրդարանի «Հեզբոլլահ»-ի պատգամավորի որդին է։
Նշվում է, որ պայթած փեյջերները վերջին մոդելներն էին, որը «Հեզբոլլահ»-ը ձեռք էր բերել վերջին ամիսներին։
Հուլիսի 30-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերին, որին մեղադրում են հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին հայտնի էր դարձել Շուքերի մահվան մասին։ Օգոստոսի 30-ին Իսրայելն ու «Հեզբոլլահը» փոխադարձ հարվածներ էին հասցրել ռազմական օբյեկտներին։