Իրավապահները մոտ 1 շաբաթ տևած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ հայտնաբերել են 28-ամյա արցախցուն պատկանող գողացված «Կամազ»-ը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Կարեն Մ․-ին պատկանող ավտոմեքենան գողացել էին սեպտեմբերի 28-ին։ Իրավապահներն այն հայտնաբերել են հոկտեմբերի 3-ին՝ Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում։
Կարեն Մ-ն կայքին հայտնել է, որ Արցախից այդ մեքենայով են հասել Հայաստան ու դրանով էր օրվա հացը վաստակում։
Կայքի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է Արարատի մարզի բնակիչ 28-ամյա տղամարդուն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով)։