Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-9-ին տեղի ունեցած վրաստանյան պաշտոնական այցի շրջանակում կայացած բանակցությունները կառավարությունը որակեց «բարձր մակարդակի»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկումների ընթացքում քննարկվել էր հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը։
Վարչապետի Վրաստան կատարած այցի մասին Armenia Today-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, որն, իր հերթին, դրական ու ստացված գնահատեց այն։
Ըստ Մելիքյանի՝ քանի որ տարածաշրջանային կոնտեքստը՝ ստատուս քվոն, փոխվում է, շատ կարևոր էր, որ Երևանն ու Թբիլիսին փորձեին սինխրոնիզացնել իրենց դիրքորոշումները և հասկանալ, թե ինչպես են այդ պրոցեսներն անդրադառնում իրենց վրա, ի՞նչ կարող են համատեղ անել, որպեսզի ռիսկերը նվազեցնեն։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ նոր հնարավորությունների մասին էր խոսում Վրաստանի վարչապետը, երբ ասում էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը ծանր իրողություն էր, սակայն այն նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար, Մելիքյանն ասաց․
«Հետպատերաազմյան իրողությունը փոփոխվել է, նոր ստատուս քվո է ձևավորվում, և եթե ապագայում ապաշրջափակվեն հաղորդակցությունները, ենթակառուցվածքները, ապա ի՞նչ ազդեցություն կունենա այդ ամենը երկու պետությունների վրա»։
Նրա խոսքով՝ պարզ է, որ Վրաստանն այս տարիներին օգտվել է ստատուս քվոյից և եղել մոնոպոլիստ բոլոր հարևան երկրների համար, նրանց իրար կապել։ Այժմ Վրաստանը փոխում է իր դիրքերը։
«Այստեղ բացասական էլեմենտներն ավելի շատ են, քան դրական, բայց քաղաքականության մեջ շատ կարևոր է, որ ակտիվ դիվանագիտությամբ և քայլերով բացասական էլեմենտները դառնան դրական։ Կարևոր է նաև, որ նույնիսկ այս փոփոխվող իրականության մեջ Վրաստանը փորձի նոր իրողությունն աշխատեցնել իր շահերի համար և իր դիրքը գտնել»,- ընդգծեց Մելիքյանը։
Մասնագետի դիտարկմամբ՝ Վրաստանը, տարբեր նախագծերի մասնակից դառնալով, միգուցե, մի հատվածում կորցնելով, մեկ այլ հատվածում ավելին ձեռք բերի։
Այս առումով նա կարևորեց Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, որի գործարկումն անհրաժեշտ է նաև Վրաստանին։
«Այդ միջանցքի գործարկումը բավականին բարդ պրոցես է, սակայն իրականացման դեպքում կարող է պարզվել, որ այն ավելի շահեկան է Վրաստանի համար, քան նախկին ստատուս քվոն էր։ Դրա համար էլ Վրաստանի իշխանությունները մտնում են այս խաղի մեջ ու ցույց տալիս, որ իրենք ևս շահագրգռված են նոր պրոցեսներով»,- նշեց Մելիքյանը և հավելեց․
«Ցավոք, սակայն, Ադրբեջանը, ինքն էլ ունենալով մասնակցելու և օգուտ քաղելու հնարավորություն, ապակառուցողական քայլերի է դիմում և փորձում այդ գաղափարը վիժեցնել ի սկզբանե։ Քանի որ ճանապարհի արգելափակումը, խոչընդոտների ստեղծումը կարող է ազդել արտաքին ներդրողների տրամադրվածության վրա»։
Վրացագետն ասաց՝ հասկանալով, որ անվտանգային հարցն ամբողջությամբ լուծված չէ, միգուցե հրաժարվեն մասնակցել այդ նախագծին։
Ամփոփելով վարչապետի այցը՝ Մելիքյանը կրկին շեշտեց բանակցությունների անհրաժեշտությունը։
«Այս ամենի համար էլ շատ կարևոր էր այցի շրջանակներում հայ և վրաց իշխանությունների դիրքորոշումների մոտեցումը՝ հասկանալու, թե համատեղ կամ առանձին ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի նախագիծն ավելի մոտեցնեն իրականությանը և բարելավեն իրենց դիրքերը ստեղծված նոր իրողությունների համատեքստում»,- ասաց Մելիքյանը։
Արաքսյա Սնխչյան