ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուի առաջադրման հարցի հետ կապված նոր են սկսել քննարկումները, առաջիկայում կտեղակացնեն նախագահի
թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին։
«Այս ընթացքում Արմեն Սարգսյանը կարող էր հետ վերցնել իր դիմումը։ Այդ ժամանակահատվածն օգտագործել նախագահի թեկնածուի հարցի քննարկման համար, այդքան էլ ճիշտ և տրամաբանական չէր։ Այն կլիներ չարդարացված, նաև դա նախագահական ինստիտուտի նկատմամբ հարգանք է»,- նշեց նա։
Հարցին` արդյո՞ք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, «Հայաստան» խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ վերջնական քննարկումներ դեռ չեն սկսվել։
«Բազմաթիվ դեպքերում ընդդիմությունը միասնական դիրքորոշմամբ է հանդես եկել։ Ես հիմքեր չեմ տեսնունմ, որ այս հարցում կլինեն բացառություններ։ Մենք համատեղ նախաձեռնություններ ենք ունեցել»,- արձանագրեց նա։
Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ կա մեկ պարզ հանգամանք, որ «Քաղաքացիական» պայմանագիր» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը չի համապատասխանում Սահմանադրության այն պահանջին, որը ներկայացվում է նախագահին լիազորություններն իրականացնելու փուլում։
«Այդ պահանջերն են՝ լինել անաչառ, ղեկավարել համաժողովրդական և համապետական շահերով։ Թեկնածուն հանդիսանում է գործադիր իշխանության թիմի անդամ, արդեն իսկ խոսել այդ կարգավիճակից հանդես գալու մասին, միամտություն է»,- նկատեց պատգամավորը։