Ուղիղ երեսուներկու տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-ին, Սումգայիթում կազմակերպվեցին հայկական ջարդեր, որոնց զոհ դարձան, ըստ պաշտոնական տվյալների, մեր 26 հայրենակիցները, ոչ պաշտոնական տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ կանայք, ծերեր և երեխաներ։ Այդ հրեշավոր հանցագործությունների կազմակերպիչների և կատարողների անպատժելիությունը հանգեցրել է Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և Ադրբեջանի այլ բնակավայրերում հայերի նկատմամբ բռնությունների և սպանությունների նոր ալիքի:
Այդ վայրագ հանցագործություններից անցել է երեք տասնյակից ավել տարի։ Երկրի բարձրագույն ղեկավարությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել այդ ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանը «պետք է ամեն ինչ անի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության կրկնությունը բացառելու համար»:
Այս թեմայով Armenia Today-ի թղթակցի հետ խոսել է «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
«Ինչ է արել Հայաստանն այս տարիների ընթացքում, որպեսզի հայերի անվտանգության հարցն այլ մակարդակի վրա լինի, քան Սումգայիթում էր։ Իհարկե, անկախություն ձեռք բերելը, անկախ պետության առկայությունն արդեն մեր ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկն է։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ անցած տարիների ընթացքում մեր պետությունը բավարար չի գործել այն մարտահրավերների համեմատ, որոնք մեզ մշտապես ներկայացնում է Ադրբեջանը՝ ի դեմս նրա քաղաքական վերնախավի։ Նախ՝ անկախ Հայաստանն այդպես էլ չկարողացավ միջազգային հանրությանը հասցնել, միջազգային ատյաններում ամրագրել, որ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանության ակտ։ Ըստ էության, մինչ այժմ այդպես էլ իրավական գնահատական չի տրվել այդ հանցագործությանը, չկա նաև համապատասխան քաղաքական գնահատական։ Անկախ Հայաստանի խորհրդարանն այդպես էլ չի որակել այդ գործողությունները որպես ցեղասպանության ակտ», – նշել է Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նկատմամբ, և հայկական կողմը պետք է ադեկվատ պատասխան տա այդ դեմարշներին:
«Անվտանգության միջազգային երաշխիքներ մենք մինչ օրս չենք ստացել՝ ոչ ՄԱԿ-ից, ոչ Եվրոպայի Խորհրդից, ոչ էլ այլ միջազգային ատյաններից։ Սումգայիթում ցեղասպանության ակտի կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հուսով եմ, որ նոր իշխանությունները, և խորհրդարանն առաջին հերթին հանդես կգան այդ հանցագործությունների համարժեք գնահատականով։ «Սումգայիթյան ջարդեր» ձևակերպումը ենթադրում է հենց հայ ժողովրդի ողբերգությունը, բայց խոսքը տվյալ դեպքում նաև մարդկության, մարդկության դեմ կատարված հանցագործության մասին է, որը կատարվել է Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից», – ասաց Լարիսա Ալավերդյանը: