«Հայկական երազանք» գրքի հեղինակ Սարգիս Ծատուրյանը «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի շրջանակում Armenia Today-ին պատմել է նոր գրքի մասին՝ գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիայի հավանականությունը՝ սահմաններին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման ֆոնին։ Հարցազրույցն արվել է Արցախի դեմ սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի ագրեսիայից, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններից առաջ։
– Կպատմե՞ք, թե ինչի մասին է «Հայկական երազանք» գիրքը և ի՞նչ ուղերձ ունի ընթերցողներին։
– Սա միայն իմ գիրքը չէ, սա բոլոր այն հայերի գիրքն է, ովքեր երազում են վերստեղծել Արարատյան թագավորությունը։ Այն տրվել է հայ ժողովրդին՝ որպես Ամենակարողի հետ պայմանավորվածության մաս։ Արարատյան թագավորությունն ունի հստակ սահմաններ․ արևմուտքում նրա սահմանները սահմանափակվում են մեծ Եփրատ գետով, իսկ արևելքում՝ Քուռ գետով։
Մեր երազանքը սկզբունքորեն կարևոր է ոչ միայն հայերի, այլև երկրի վրա ապրող բոլոր ժողովուրդների համար, քանի որ Արարատյան թագավորությունը մարդկության հայրենիքն է։ Հենց Արարատյան թագավորությունում Տերն ստեղծեց Եդեմի պարտեզը, այնտեղ հայտնվեց առաջին մարդը, և հենց այնտեղ՝ Հայոց հողի վրա, իջավ Նոյան տապանը, և հենց այնտեղ ընդունվեց Քրիստոսի ուսմունքը: Այսինքն՝ Հայաստանը, որպես թագավորություն այն երկիրն է, որտեղ գտնվում է կենաց ծառը։ Ըստ այդմ, հենց այս կենաց ծառը մարդկությանը հնարավորություն է տալիս ամեն անգամ վերածնվել նոր հիմքերի վրա՝ լինի դա Ադամի և Եվայի Եդեմի պարտեզը, լինի դա Նոյի տապանը, լինի դա Քրիստոսի ուսմունքը:
Իմ գրքում ասվում է, որ 21-րդ դարում այսօր հայերի առաքելությունն է վերստեղծել այս թագավորությունը, որպեսզի մարդկությունը նոր հնարավորություն ստանա: Ո՞րն է այս նոր հնարավորությունը մարդկության համար: Հայերը, ինչպես գրում եմ գրքում, բազմադավան ժողովուրդ են, նրանք միակ ժողովուրդն են երկրի վրա, որ կլանել են բոլոր հավատքները՝ քրիստոնեական և իսլամական: Ըստ այդմ, մեր ժողովուրդը միաստվածության սյունն է, սա է նրա առաքելությունը։
Հայկական երազանքը հենց այս մասին է, թե ինչպես հայերը կարողանան ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ և միավորվել: Բայց միավորվել ընդհանուր հիմքերի վրա՝ մեկ Աստծո գաղափարի շուրջ: Գրքում ասում եմ, որ հպարտությունից պետք է հեռանանք։ Ինչո՞ւ երկու հայ կարող են պայմանավորվել միմյանց հետ, իսկ չորսը կամ հինգը՝ ոչ։ Քանի որ նրանք առաջնորդվում են հպարտությամբ, նրանք ցանկանում են բարձրանալ մյուսից վերև: Բայց «Հայկական երազանք» գիրքն այլ բանի մասին է, այն մասին է, որ յուրաքանչյուր հայ պետք է Աստծուն բարձրացնի իրենից։ Երբ դա անի, հայերը կկարողանան համախմբվել։
– Շատ շուտով կընտրվի Երևանի նոր քաղաքապետ: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնան այս ընտրությունները երկրի քաղաքական իրավիճակի վրա։
– Ցավոք, Հայաստանում ընդդիմություն չկա։ Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում իշխում է միայն մեկ կուսակցություն՝ կապիտալի կուսակցությունը, որն այս դեպքում կենտրոնացած է ռուսական կապիտալի վրա։ Իսկ իրական ընդդիմությունը, որը պայքարում է Երևանը ղեկավարելու համար, չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ հակադրվելու գործող իշխանությանը։
Երևանի ընտրությունները միշտ էլ կարևոր են հայաստանյան քաղաքական դաշտի ապագայի տեսանկյունից։ Ընդհանրապես, Երևանը հիմնարար նշանակություն ունի հայոց պատմության մեջ։ Ի վերջո, Արգիշտին մեր հայկական քաղաքը հենց այնպես չի անվանել Երևան: Այնուհետև նա անվանել է Էրեբունի, բայց դա, ըստ էության, նույն բանն է՝ մի փոքր այլ արտագրությամբ։ Երևանն առաջացել է դրսևորել բայից։ Սա դրսևորման քաղաք է և, համապատասխանաբար, այս քաղաքի ղեկավարումը կարևորագույն նշանակություն ունի հայ քաղաքական դաշտի և, ընդհանրապես, մեր ազգի զարգացման համար, քանի որ Հայաստանում ապրող մարդկանց մի զգալի մասը կենտրոնացած է մայրաքաղաքում։ Երևան. սա և՛ մեր ուրախությունն է, և՛ մեր վիշտը, քանի որ Երևանը մեծանում է գյուղերի ավերման, շրջակայքում գտնվող քաղաքների թուլացման պատճառով։ Այսինքն՝ Երևանը վերածվել է յուրատեսակ հրեշի, բայց, միևնույն ժամանակ, այն ուժերը, որոնք իրականում կառավարելու են Երևանը, մեծապես որոշելու են Հայաստանի քաղաքական ապագան։
– Բաքուն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Հայաստանն իբր գնդակոծում է ադրբեջանական սահմանները։ Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանը դրանով պատրաստվում է ագրեսիայի Հայաստանի դեմ։ Իսկ արդյո՞ք Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան կկատարի, և ինչպե՞ս կարձագանքեն դրան Ռուսաստանը և Արևմուտքը։
– Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց Ալիևը այլ հնարավորություն չի ունենա իրավիճակն իր օգտին շրջելու։ Ռուսաստանում 2024 թվականի գարնանը հնարավոր են լայնածավալ քաղաքական փոփոխություններ։ Չեմ բացառում, որ ռուսական պետության ներկայիս ղեկավարը կարող է չառաջադրվել նոր ժամկետով, իսկ հետո լինի իրավահաջորդ։ Այստեղ ռիսկեր են ստեղծվում Ալիևի համար, քանի որ նա հիմնարար պայմանավորվածություններ է ձեռք բերել Պուտինի, այլ ոչ թե Միշուստինի կամ այլ ռուս քաղաքական գործիչների հետ։ Ըստ այդմ՝ Ալիևը կփորձի մինչև 2024 թվականի գարուն լուծել իր բոլոր հարցերը՝ կապված Արցախի և, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի հետ։
Արդյո՞ք նա կորոշի ռազմական ագրեսիան շատ մոտ ապագայում, կարծում եմ, որ դրա հավանականությունը դեռևս ցածր է, չնայած այն հանգամանքին, որ Բաքվի ռեժիմը ռուսական մամուլի մեծ մասի հետ միասին սրում է իրավիճակը։ Ինչո՞ւ են սրում իրավիճակը` որովհետև ահաբեկելու են ՀՀ քաղաքացիներին, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ընդունեն այն դավաճանական քաղաքականությունը, որն այսօր վարում է վարչապետ Փաշինյանը։ Միայն այս նպատակով:
Այսինքն՝ սա հոգեբանական տեռոր է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դատելով Հայաստանի իշխանության գործողություններից՝ նա խաղում է և՛ Կրեմլի, և՛ Բաքվի հետ։ Փաշինյանն իր, այսպես ասած, արևմտամետ հայտարարություններով ապակողմնորոշում է ՀՀ քաղաքացիներին, քանի որ իրական արևմտամետ քայլերի չի գնում։
Ուզում եմ հիշեցնել երկու փաստ. նախ՝ Արցախի դեմ Բաքու-թուրքական ագրեսիայի օրերին Ֆրանսիան առաջարկեց օգնել Հայաստանին ռազմական ոլորտում՝ տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգ։ Փաշինյանի կառավարությունը մերժեց: Սա պատերազմի չորրորդ-հինգերորդ օրն էր։ Եթե այս կառավարությունը նպատակ ուներ պաշտպանել Արցախը, ապա ինչո՞ւ հրաժարվեց Ֆրանսիայի ռազմական օգնությունից։ Երկրորդ փաստը՝ Բաքու-թուրքական այս ագրեսիայից և Պուտինի ու Ալիևի հետ այս ամոթալի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո ֆրանսիացիները ռազմական օգնություն առաջարկեցին Հայաստանին։ Փաշինյանի կառավարությունը մերժեց այս ռազմական օգնությունը:
Սրանից հետո առաջարկներ են արվել Իրանից։ Դրանք մերժվել են նաև հայկական կողմից, այդ թվում՝ առաջարկներ՝ կապված խաղաղապահության, իրական խաղաղության պահպանման հետ։ Իրանցիներն առաջարկել են խաղաղապահություն իրականացնել թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում, իսկ Երևանի մարզպետները մերժել են այդ խաղաղապահությունը։ Հիմա Փաշինյանն արևմտամետ հայտարարություններ է անում՝ արևմտյան հասարակական կարծիքին հաճոյանալու համար: Բայց, իրականում, նա հայտարարություններ է անում, բայց իրական գործողություն այս հայտարարությունների վերաբերյալ չկա։ Այդ դեպքում ո՞ւմ է ձեռնտու նրա արևմտամետ հայտարարությունները։ Դրանք, առաջին հերթին, ձեռնտու են Կրեմլին, որը հետո կասի, որ մենք Հայաստանին չենք օգնում, զենք չենք մատակարարում, մենք աջակցում ենք Ադրբեջանին, քանի որ դուք ՆԱՏՕ-ի կողմնակից Փաշինյան ունեք։ Բայց, իրականում․ նա ՆԱՏՕ-ի կողմնակից չէ։ Նա միայն ձևացնում և փաստացի խաղում է այն ուժերի հետ, որոնք այսօր ցանկանում են ոչնչացնել Հայաստանը։