Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացվեն: Սա երկրորդը: Երրորդը, որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է կամ նախատեսված է Հայաստանի Հանրապետության որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի: Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել»,- ասել է Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանզիտի մասին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության հիման վրա:
«Արդյոք դրա արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ տրանսպորտային կապ ունենան, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանի Հանրապետությունն այդ նույն ուղիները կարող է օգտագործել իր տարբեր հատվածների միջև, օրինակ, երկաթուղային կապ ապահովելու համար: Այո, իհարկե: Արդյոք Ադրբեջանն այդ պարագայում կարող է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ուղիները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք Հայաստանը պիտի հնարավորություն ունենա օգտագործել Ադրբեջանի ճանապարհները միջազգային առևտրի համար: Այո, իհարկե: Արդյոք միջազգային առևտրի մասնակիցները պիտի հնարավորություն ունենան Հայաստանի տարածքով իրենց առևտուրն իրականացնել Թուրքիայի, Իրանի, Վրաստանի հետ՝ որպես գլոբալ առևտրի ճանապարհ: Այո, իհարկե: Եվ մենք այս առաջարկն անում ենք, մենք այս լուծմանը պատրաստ ենք և այդ առաջարկն անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ» և հրավիրում ենք մեր բոլոր գործընկերներին միասին իրականություն դարձնել այդ նախագիծը»,- ասել է Փաշինյանը: