Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի (ՀԱԵ) առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հայաթափումից հետո Հայաստանում թեմի աշխատանքներին, առաջնահերթություններին, արցախցիների՝ հայրենիք վերադառնալու հեռանկարներին, հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանությանը և այլ թեմաների։ 2023 թվականի նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնել էին, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել պահպանել ՀԱԵ Արցախի թեմը։
Սրբազանի խոսքով՝ Արցախի թեմը պահպանելու Վեհափառ հայրապետի որոշումը բխում էր եկեղեցական օրենքներից, միաժամանակ՝ ճշմարիտ և իմաստուն որոշում էր։
«Թեմի լուծարումը կնշանակեր ի հոգևորս ևս մեկ պարտություն։ Սա մի հանգամանք է, որի շուրջ կարող ենք ձևավորել մեր քաղաքական միտքը և ապահովել վերադարձը։ Եկեղեցին կոչվում է հաղթական, և իր քարոզները, պատմական անցյալը հուշում են, որ եկեղեցու շուրջ համախմբվելով՝ կկարողանանք հոգևորը դարձնել մարմնավոր և ֆիզիկական ներկայություն ապահովել Արցախում»,- նշել է նա։
Վրթանես Սրբազանը զուգահեռներ է անցկացրել խորհրդային ժամանակաշրջանի հետ, երբ «Արցախում եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները գտնվում էին ծայրահեղ վիճակում, մտավորականների նկատմամբ հարալածքներ էինք սկսվել, Ադրբեջանի թելադրանքով Արցախի թեմը փակվել էր, առաջնորդ Սրբազանը դեգերել էր և, ի վերջո, կյանքն ավարտել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում»։
«Չէի կարող անգամ մտածել, որ Արցախից երբևիցե դուրս կգանք բռնի կերպով և Արցախի թեմը պիտի դեգերի և Վեհափառ հայրապետի օրհնությամբ՝ չլուծարվելու հանգամանք ստանա, այս ամենը երազի նման է»,- նշել է նա և հավելել, որ հիմա կարծես նույն իրավիճակն է, թվում է՝ պատմությունից դաս չենք քաղում։
Այսօր Արցախի թեմն ունի 9 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, նրանք ծնունդով Արցախից են և ապրում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ նպատակ ունեն միավորել ոչ միայն վերջերս, այլև նախկինում Արցախից հեռացած հայերին, նրանց մոտ վառ պահել սերը հայրենիքի հանդեպ, օգնության ձեռք մեկնել այն արցախցիներին, ովքեր այսօր դժվարության և սոցիալական լուրջ կարիքների մեջ են, օգնել նրանց և «համախմբված պահել, որպեսզի կարողանան ապահովել Քրիստոսով հաղթական վերադարձն Արցախ»։
Արցախի թեմի բոլոր հոգևորականները տարբեր թեմերում են շարունակում իրենց հոգևոր ծառայությունը։ Թեմը, որպես այդպիսին, եկեղեցի չունի։
«Մենք գտնվում ենք տարբեր թեմերի շրջանակներում, և մեր հավատացյալներն այցելում են տարբեր եկեղեցիներ ու թեմեր։ Եթե առիթներ են լինում, մենք համախմբում ենք արցախցիներին, տաղավար տոների, ուխտագնացությունների, երիտասարդական հավաքների դեպքում խնդրում ենք այս կամ այն թեմի թեմակալ առաջնորդին իրենց հովանու տակ գործող եկեղեցիներում իրականացնել այս կամ այն միջոցառումը»,- մանրամասնում է նա։
Թեմի նոր գործառույթների մեջ շեշտադրված է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն քրիստոնեական, այլև համաքրիստոնեական նշանակության կոթողներին, դրանք ոչ միայն վանքերը, եկեղեցիներն են, այլև գերեզմանները, բերդերը, կամուրջները, այն ամենը, ինչն Արցախի ժողովուրդն ստեղծել է իր քրտնաջան աշխատանքով, ինչը դարձել է սրբություն, արժեհամակարգ, ինքնություն։
«Այս ամենը կուտակված է Արցախի յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր տարածաշրջանում։ Այսօր Ադրբեջանն այդ ամենը փորձում է ոչնչացնել, որովհետև դա նրան գրգռում է ոչ միայն որպես հայերի բնակության ապացույց, այլ քոչվորին հարիր ձևաչափով ուզում է վերացնել և դարձնել իր սեփականությունը։ Մենք պետք է միջազգային հարթակների, բոլոր այն կառույցների, որոնք ունեն իրավունք խոսելու մշակույթի արժեհամակարգ, այդ կազմակերպությունների դռները բախենք, եթե 100-ից մեկի դուռն էլ բացվի, դա կնշանակի, որ մենք մեր գործընթացի առաքելության մեջ ենք»,- ընդգծել է նա։
Վրթանես Սրբազանի խոսքով՝ շատերն են արտահայտվում, միայն խոսքով դատապարտում այդ երևույթները, սակայն խոսքից գործի անցնողները շատ քիչ են։ Բոլորը մտահոգություն են հայտնում, բայց այդ մտահոգությունը պիտի դառնա կյանք, ապրելակերպ, ձևաչափ։
Ինչ վերաբերում է Արցախի մշակութային ժառանգության ցուցակագրմանը, ապա, ըստ նրա, գրանցված, վավերացված պատմամշակութային հուշարձանների թիվը 5000-ից ավելին է։ Բայց սա դեռ ամբողջական թիվը չէ, քանի որ քարտեզագրում, որպես այդպիսին, լիարժեք չի արվել։
«Ասում են՝ 17 քառ կմ-ի վրա առնվազն եղել է երկու եկեղեցի և մեկ վանք՝ չհաշված խաչքարերը, աշխարհիկ շինությունները»,- շեշտում է նա։
Վրթանես Սրբազանը տեղեկացնում է, որ եկեղեցական շարժական արժեքներից շատ քիչ բան է հաջողվել տեղափոխել, որովհետև հնարավորություն չկար։ Շրջափակումից հետո մարդիկ միայն մտածել են ֆիզիկական կյանքը փրկելու մասին, անգամ իրենց ընտանիքի գույքը չեն կարողացել դուրս բերել։ Քահանաները կարողացել են բերել սուրբ սեղանի մաս կազմող սրբությունների մի մասը։
«Դրախտում էինք ու վտարվեցինք»,- ասում է Սրբազանը նշելով, որ յուրաքանչյուր մարդու համար իր ծննդավայրը, ընտանիքը դրախտ է և յուրաքանչյուր արցախցու համար իր տունը, իր համայնքը դրախտ էր։ Խոսելով կատարած սխալների կամ գործած մեղքերի մասին՝ Արցախի թեմի առաջնորդը մատնանշում է պետական մտածելակերպի բացակայությունը, պետական սահմաններին ամրություն չտալը, հայության քանակը չշատացնելը, հոգևոր կյանքը հավուր պատշաճի չուժեղացնելը։
«Այս ամենի մեջ ձախողել ենք և՛ հոգևոր, և՛ քաղաքական դաշտում, թուլություն ենք ցուցաբերել։ Այս ամենը կուտակվել և հասել է այն աստիճանի, որ եսակենտրոն ենք դարձել, մենք պետք է խորապես զգայինք, թե Աստված մեզ ինչ է տվել, դա կլինի հաղթանակի, մեր նախնիների քրտնաջան աշխատանքով ձեռքբերվածի և այն ամենի տեսքով, ինչը ժառանգություն ենք ստացել»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Արցախը չընկավ, «այդ մենք ընկանք, Արցախը կա, տարածքը շարունակելու է մնալ, այդ մենք ընկանք, որովհետև այդ մեղքը գործեցինք»,-
«Չկարողացանք գտնել այն ամենը, որ կարողանար դառնալ վերքի վրա դարմանը, սպեղանին, բուժեր հիվանդ Արցախը և ոտքի կանգներ, թույլ տվեցինք, որպեսզի սխալի վրա սխալն ավելանա։ Հպարտությունը բերեց կործանարար մի մտքի, որ այս ամենն արդյունք է մեր անհատական հաջողությունների, մեր իմացության, և այս ամենը չվերագրեցինք Աստծուն, մեր ժողովրդին, ամեն մեկն իրեն վերագրեց, չկարողացանք գտնել միասնության խորհրդանիշ հանդիսացող ուժը»,- ավելացրել է նա։
Արցախի թեմի առաջնորդի կարծիքով՝ սա մեծ դաս պիտի լինի վերագտնելու, վերաարժևորելու, հասկանալու, թե ինչ սրբություն ենք կորցրել։
«Մեզ արմատախիլ արեցին, բայց մեր գլխավոր արմատը մնաց այնտեղ՝ հողում, և պիտի նորից վերընձյուղվենք այդ արմատի վրա։ Մեզ հողից խնամքով չհանեցին, պոկեցին և արմատախիլ արեցին արցախյան այդ դրախտ հողից, կենտրոնական գլխավոր արմատը մնաց այնտեղ և, հուսով ու վստահ եմ, որ այդ արմատի վրա նորից պիտի դառնանք այն, ինչի համար Աստված մեզ տվել է այդ ամենը»,- ընդգծել է Վրթանես սրբազանը։
Նա համոզված է՝ նորից պիտի մեր հողին վերադառնանք խոնարհվելով, երկրպագելով, և այդ հիմքի վրա կառուցվի Արցախի ամբողջ ապագան։
«Ես աղոթում եմ նրա համար, որ Աստված նորից հայացք նետի մեզ վրա, ների մեր մեղքերը, սխալները և ապաշխարհությամբ, Քրիստոսով հաղթանակած վերադառնանք Արցախ, մեր վանքերն ու եկեղեցիները, մեր պապական հողը, որը ժառանգված է եղել մեր հոգևոր և ֆիզիկական նախնիների կողմից»,- նշել է նա։
Դա, նրա խոսքով, շատ դժվար և համապարփակ աշխատանք է պահանջում․ «Ոչ միայն Արցախի թեմը, այլև մշակութային գործիչները, կառույցները, անհատներն ու մտավորականները, Արցախի պետական կառույցները մի ամբողջական ընտանիք պիտի դառնան Մայր Հայաստանում»։
Նրա խոսքով՝ Մայր Հայաստանում օտար, խանգարող հանգամանքներ չկան, ուստի այստեղ կարող են լիարժեք աշխատել այդ ուղղությամբ։
«Մենք համախմբված ձևաչափով դառնանք տուն, հոգևոր նուրբ թելերով կապվենք Հայաստանի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների հետ և միշտ զգայուն պահենք այդ ոգին, որպեսզի աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների դեպքում վերադարձն ապահովվի։ Այլապես ձեռքերը ծալած նստել, թե այդ պարարտ հողը պիտի պատրաստվի և մենք պայուսակները ձեռքներիս վերադառնանք, ո՛չ, այդ քրտնաջան աշխատանքն ամեն մեկիցս է կախված և այդ ձևաչափով պիտի ապահովենք, ստեղծենք»,- շեշտել է Վրթանես Սրբազանը։
Այս գործում եկեղեցին համախմբող կարևոր գործոն է եղել և կարողացել է իր խոսքն ասել և խոսքից գործի անցնել։ Արցախի թեմի առաջնորդը փաստում է, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի, ոչ միայն սոցիալական հարցերի փաթեթ է տալիս արցախահայությանը, այլև հոգևոր խնամք, դաստիարակություն, քարոզչություն, համապատասխան տնօրինություններ թեմակալ առաջնորդներին, քահանաներին։
«Այդ թեման մշտապես արծարծվում է։ Դա ոչ թե տեսիլք է, որ վերևից պիտի իջնի ցույց տալու, լուսավորելու մեր հոգին ու միտքը, այլ տեսլական է, որ ներքևից պիտի գնա առ Աստված և Աստված օրհնի մեր տեսլականը՝ դարձնելով կյանքի ուղենիշ, ապրելակերպ և ձևաչափ։ Դրանով մենք կկարողանանք հասնել մեր երազանքներին։ Եթե այսօր չաշխատեցինք, չչարչարվեցինք, չապահովեցինք այն ամենը, ինչ մեզ միավորում է, հնարավոր է՝ այս ծրագիրը չկարողանանք իրականացնել, ըստ այդմ բոլոր օղակները մտահոգ, սրտացավ անձինք պետք է այդ գործընթացին լիարժեք մասնակցեն»,- նշել է թեմակալ առաջնորդը։
Նա հավելել է՝ Հակարիի կամրջով վերջին արցախցու դուրս գալու պահից պիտի լրջորեն մտածեինք վերադարձի մասին։
2023թ․ նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը որոշել էր պահպանել Արցախի թեմը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն։
Մանրամասները՝ տեսանյութում։