Եթե պարզվի, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառն ահաբեկչությունն է, Իրանը վրեժխնդիր կլինի այն երկրներից, որոնք նախաձեռնել կամ իրականացրել են այն, Armenia Today-ին հայտնեց Պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ռայիսիի ուղղաթիռի կործանման հավանական վարկածներին, որի հետևանքով Իրանի նախագահը և նրա ուղեկիցները, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
Փորձագետը նաև գնահատեց Իրանի նախագահի մահվան հետ կապված հետևանքների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա։
– Աղետի ի՞նչ հնարավոր վարկածներ են շրջանառվում:
– Ուղղաթիռում էին գտնվում Ատրպատականի նահանգապետը և ուրբաթօրյա հոգևորականը, ով նամազ է անում, այսինքն՝ բավական պաշտոնական կազմով էին մեկնել Ադրբեջան։ Սկզբում հայտարարվեց, որ հետդարձի ժամանակ «կոշտ վայրէջք» է գրանցվել, և գրեթե մեկ օր փորձում էին մոտենալ ուղղաթիռի բեկորներին, որպեսզի հասկանային՝ ողջ մնացած մարդիկ կա՞ն, թե՞ ոչ: Վարկածները տարբեր են, բայց այս պահի դրությամբ պաշտոնական վարկածն այն է, որ ուղղաթիռը բախվել է բարձունքին, ինչի հետևանքով ոչնչացել է: Այստեղ կան հարցեր, որոնք մինչև վերջ պարզված չեն։ Մենք գիտենք, որ նախագահի ուղղաթիռին ուղեկցում էր երկու ուղղաթիռ, հարցական է մնում, թե ինչպե՞ս են նրանք այդպես առաջ շարժվել և չեն արձանագրել իրավիճակը և հենց այդ պահին ինֆորմացիան չի տարածվել: Փաստացի՝ նրանք (օդաչուները – խմբ․) պետք է տեսած լինեին, թե որ վայրում է ընկել ուղղաթիռը և այդքան երկար, ըստ էության, որոնողական աշխատանքներ չպետք է տարվեին: Սա հարց է՝ օդում կախված:
Երկրորդն այն է, որ այս ողբերգական դեպքից հետո ԱՄՆ նախագահն (Ջո Բայդեն-խմբ․) անմիջապես դադարեցնում է արձակուրդը և վերադառնում Սպիտակ տուն, արտակարգ ռեժիմով նիստ հրավիրում և փորձում հասկանալ հետագա քայլերը և գործողությունները։ Այստեղ էլ հարցեր կան, որոնք դեռ պարզաբանման կարիք ունեն:
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարված և այս արարողություններից հետո գուցե ավելի հստակ ինֆորմացիա լինի: Այս պահի դրությամբ՝ պետք է հենվենք միայն պաշտոնական տվյալների վրա, ոչ պաշտոնական բազմաթիվ տվյալներ կան, որոնք չպետք է տիրաժավորել, այլ պետք է հասկանալ, թե ո՞րն է ճշմարտությանն ավելի մոտ (վարկածը- խմբ․):
– Շրջանառվում է ուղղաթիռի անսարքության վարկածը, եղանակային պայմանների դերը, Ձեր կարծիքով՝ ո՞ր վարկածն է ամենահավանականը:
– Նախ խոսեցին հենց բնակլիմայական խնդրի մասին, որ մշուշ, անձրև է եղել, և ուղղաթիռը չի կարողացել ճիշտ տեղորոշվել, բայց հարց է առաջանում, թե ինչպե՞ս են մյուս ուղղաթիռները կարողացել կողմնորոշվել, սակայն այս մեկը չի կարողացել: Երկրորդ վարկածն ահաբեկչությունն է, որը հենց ի սկզբանե չէր կարող ամբողջովին հերքվել, այսինքն՝ հիմա Իրանում պետք է մասնագետները փորձեն ուսումնասիրել և հասկանալ, թե արդյոք տեղի ունեցե՞լ է ահաբեկչություն, թե՞ դա պարզապես վարկած է:
– Իրանում այդ վարկածների հարցում կարծես թե լուռ են, զգուշավորությո՞ւն են ցուցաբերում:
– Իրանում հայտարարվել է հնգօրյա սուգ, իրենք ևս կարիք ունեն ճշտելու, թե ինչ է տեղի ունեցել, որից հետո որոշակի տեղեկատվություն կտարածվի։ Կարծում եմ՝ Իրանում հապճեպ քայլեր չեն անի, բոլոր քայլերն ուսումնասիրվելու են և ուսումնասիրությունից հետո որոշակի հարցեր կպարզվեն։
– Իսկ այս ամենն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի (Հայաստանի, Ադրբեջանի) համար։ Ինչպե՞ս կազդի Ադրբեջանի վրա, հաշվի առնելով, որ ուղղաթիռի հետ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին:
– Այդ պարզաբանումներից հետո կորոշվի, թե տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ տեղի կունենան, այսինքն՝ եթե դա իսկապես տեղի է ունեցել վթարի արդյունքում, արտակարգ իրավիճակներ չեն ստեղծվի, բայց եթե պարզվի, որ տեղի է ունեցել ահաբեկչություն, այդ դեպքում Իրանը վրեժխնդիր կլինի այն երկրներից, որոնք նախաձեռնել, իրականացրել են այդ ահաբեկչությունը:
Իրանի կառավարությունը մայիսի 20-ին հայտնել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու մասին։
Իրանի նախագահի զոհվելուց հետո առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները։ Ըստ Իրանի Սահմանադրության՝ առաջին փոխնախագահը գործող նախագահի մահվան կամ ծանր հիվանդության դեպքում 50 օր ժամկետով իրականացնում է նախագահի պարտականությունները։