Հայ դատի Վաշինգտոնի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանն Armenia Today-ին պատմել է արցախցիների իրավունքների պաշտպանության, հայ գերիների վերադարձի ուղղությամբ կազմակերպության աշխատանքների, հակաադրբեջանական քարոզչության դեմ պայքարի և կազմակերպության ջանքերի մասին՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Աշխատանք՝ ԱՄՆ կառավարության կողմից Արցախի ժողովրդին հասցեական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ
Չուլջյանը հայտնել է, որ հանձնախումբն աշխատում է ԱՄՆ կառավարության կողմից Արցախի ժողովրդին հասցեական օժանդակություն տրամադրելու և 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի գործած ոճրագործությունների ուսումնասիրության ուղղությամբ։ Նա հայտնել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, այնուհետև Սենատում սկսվելու է 2025թ․ արտաքին օժանդակության հարցի քննարկումը, և նրանց թիմն առաջարկել է օգնության փաթեթի նախագիծ։
«Հայ դատի հանձնախմբի կեցվածքը հստակ է՝ 200 մլն դոլար օժանդակություն Արցախի ժողովրդին, ոչ թե այլ ծրագրերի համար։ Ծրագրերը շատ են, բայց Արցախի ժողովրդին ամերիկյան կառավարությունը որևէ հստակ օժանդակություն չի հասցրել, չնչին գումարներ են եղել, որոնք ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայ գաղութն անբավարար են համարում։ Կփորձենք շտկել այս բանաձևի միջոցով»,- ասել է նա։
Չուլջյանը հավելել է, որ Հայ դատի հանձնախումբը, ամերիկահայ գաղութը շարունակաբար աշխատում են ԱՄՆ կառավարության, միջազգային կազմակերպությունների, այլ երկրների կառավարությունների հետ, որպեսզի կարողանան Արցախի ժողովրդի՝ իրենց պապենական տներ ապահով վերադարձի համար երաշխիքներ ստանալ։
2023 թվականին Ադրբեջանի գործած ոճիրների ուսումնասիրության և Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման ուղղություններով աշխատանք
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարն ավելացրել է, որ իրենց առաջարկած բանաձևում կան նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը դադարեցնելու մասին կետեր։
«Ի վերջո՝ ամերիկյան կառավարությունը ոչ միայն ականատես, այլ նաև մեղսակից էր Արցախի ժողովրդի ցեղասպանությանը՝ ռազմական օժանդակություն հասցնելով Ադրբեջանի կառավարությանը։ Դրան պետք է վերջ տրվի»,- շեշտել է նա։
Նա հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայ իրավաբանական կենտրոնը 7 տարբեր դատական գործեր է հարուցել ԱՄՆ արտգործնախարարության և ԱՄՆ ֆինանսների նախարարության դեմ, որպեսզի հետազոտեն, թե Ադրբեջանի կառավարական դեմքերն ինչ ոճիրներ են գործել 2020թ․ պատերազմի, 2023թ․ ցեղասպանական արարքների ժամանակ։
«Դրա հիման վրա կտեսնենք, թե ամերիկյան ո՛ր օրենքները, ո՛ր պատժամիջոցները կարող են կիրառվել Ադրբեջանի մոտ 42 կառավարական դեմքերի դեմ։ Այդ դատն ընդգրկում է 42 կառավարական ղեկավարների գործած ոճիրները»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ամերիկյան կառավարությունը պետք է ուսումնասիրի այս հարցը։
Չուլջյանը նշել է, որ Հայ դատի հանձնախումբն աշխատել է դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ, որպեսզի նոր բանաձև ներկայացվի 42 ադրբեջանական կառավարական դեմքերի դեմ։ Նրա խոսքով՝ սա շարունակական աշխատանք է, որի արդյունքում կարող են փոխել ամերիկյան կառավարության կեցվածքն Ադրբեջանի հանդեպ։
Նա հավելել է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նաև մշտապես բարձրացնում է Բաքվում պահվող Արցախի ղեկավարների և մյուս բանտարկյալների ազատ արձակման, Արցախի ժողովրդի ապահով վերադարձի հարցերը։
«Յուրաքանչյուր բանաձև, նամակ՝ ուղղված նախագահ Բայդենին կամ Արտգործնախարարությանը, միշտ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը ներգրավվում է, որովհետև պրոադրբեջանական ուժերը փորձում են այդ էջը փակել»,- նշել է նա։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված աշխատանք
Չուլջյանը պատմել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մասին՝ ուղղված Ցեղասպանության ճանաչման գործընթացին: ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը շեշտել է, որ Ցեղասպանության և հատուցման աշխատանքներն ավարտված չեն։
«Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելը բավարար չէ, պետք է հստակ պատժամիջոցներ լինեն այդ աշխատանքում»,- ասել է նա։
Չուլջյանի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 2021թ․ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի հանձնախմբի և ամերիկահայ գաղութի տասնամյակներով աշխատանքի արդյունք է։ Սակայն ապրիլի 24-ից մեկ օր առաջ նա որոշել է կանխել 907-րդ բանաձևը և Ադրբեջան ռազմական օժանդակություն ցույց տալ։
«Չես կարող մի Ցեղասպանությունը ճանաչել ու դուռը բացել մյուս Ցեղասպանության համար։ Այդպես տեղի ունեցավ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ի տարբերություն 1915թ․ Ցեղասպանության, 2023թ․ Արցախի ցեղասպանության հարցը կարելի է փորձել որոշակիորեն շտկել՝ Արցախի ժողովրդի ապահով վերադարձի միջոցով։
Չուլջյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ թեզերը կրկնում են Ցեղասպանության մերժման Թուրքիայի և Ադրբեջանի պատճառաբանությունները։