Իրանի արտաքին և ներքին քաղաքականությունը երկրի հաջորդ նախագահի օրոք մեծ փոփոխություններ չի կրի, Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինը։
Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Դրանց կմասնակցի ընտրված 6 թեկնածու՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկիանը, Իրանի նախկին դատախազ Մուստաֆա Պուրմոհամմադին և փոխնախագահ Ղազիզադե Հաշեմին։ Ընտրություններն անցկացվում են արտահերթ՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Ըստ Սմագինի՝ Իրանի նախագահի մահը, ընդհանուր առմամբ, գործնականում չի փոխում իրավիճակը տարածաշրջանում, քանի որ, ըստ ամենայնի, Իսլամական Հանրապետության և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունը հաջորդ նախագահի օրոք մեծ փոփոխություններ չեն կրի։
«Հաջորդ նախագահը, հավանաբար, կլինի պահպանողական, նույն թևի և, մոտավորապես, նույն արժեքների ներկայացուցիչը, որն անձնավորել է Էբրահիմ Ռայիսիին։ Ուստի, այս դեպքում, կարծում եմ, որ շարունակականությունը բնական ու հետևողական կլինի։ Այնպես որ, ես այստեղ որևէ էական փոփոխություն չէի սպասի»,- նշել է փորձագետը։
Մեկնաբանելով Իրանի և Հայաստանի հարաբերությունների հեռանկարները՝ Սմագինը կարծիք է հայտնել, որ ամեն ինչ կմնա մոտավորապես այնպես, ինչպես այսօր է։
«Հայաստանն Իրանի կողմից ընկալվում է որպես կարևոր հարևան, որի հետ հարաբերությունները չպետք է փչանան։ Այսինքն՝ Հայաստանի հետ ամբողջությամբ պահպանվում են աշխատանքային հարաբերություններ։ Միևնույն ժամանակ, իհարկե, սա չի վերածվում ինչ-որ մեծ ընկերության կամ մեծ սիրո: Սա պարզապես տարածաշրջանում աշխատանքային հարաբերություն է, որն Իրանը մտադիր է պահպանել այս ուղղությամբ»,- ասել է նա:
Փորձագետը մեկնաբանել է տարածաշրջանում առանցքային տարանցիկ հանգույց դառնալու՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու Հայաստանի հնարավորությունները։ Ըստ Սմագինի՝ դրանք այնքան էլ մեծ չեն։ Նա ընդգծել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի այսօրվա հիմնական երթուղին Ռուսաստանից Իրան անցնում է կա՛մ Կասպից ծովով, կա՛մ Ադրբեջանով։ Այսինքն՝ այս դեպքում Հայաստանը կարող է ընկալվել որպես լրացուցիչ երթուղի, նշել է Սմագինը։
Միաժամանակ նա հավելել է, որ այժմ «Հյուսիս-Հարավ» նախագիծն ավելի շուտ գոյություն ունի թղթի վրա, քանի որ մեծ հաշվով Իրանի և Ռուսաստանի միջև միայն առևտուր է իրականացվում, սակայն այն որպես տարանցիկ ճանապարհ դեռ գոյություն չունի։
«Այսինքն՝ ֆորմալ գործում է, բայց լիարժեք չէ։ Բայց եթե պատկերացնենք, որ այս նախագիծն ապագայում կդառնա իսկապես նշանակալից և կարևոր, ապա, իհարկե, Հայաստանը, որպես երկիր, որով կարող է իրականացվել նաև տարանցում, կստանա որոշակի արտոնություններ, առավելություններ այս նախագծից»,- ավելացրել է Սմագինը: