Երևանի հասարակական տրանսպորտն աստիճանաբար անցնում է միասնական տրանսպորտային վճարային համակարգի, որը լիովին կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, հայտնում են քաղաքային իշխանությունները։
Այս բարեփոխման արդյունքում Մետրոպոլիտենը հրաժարվել է ժետոնային համակարգից՝ անցում կատարելով QR կոդերի միջոցով վճարմանը։ Մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև նոյեմբեր Երևանի մետրոյի բոլոր կայարանների ժետոնով անցակետերը կփոխարինվեն միասնական վճարման համակարգով և ուղևորափոխադրման համար հնարավոր կլինի վճարել տեղում՝ QR կոդով կամ հավելվածի միջոցով:
Բացի այդ, Երևանում նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտով երթևեկելու համար պարտադիր է վճարել միայն 100 դրամանոց մետաղադրամներով կամ QR կոդերով։
Armenia Today-ը զրուցել է մեր համաքաղաքացիների հետ պարզելու համար, թե որքանո՞վ է հարմարավետ նոր համակարգը և ինչպես են հարմարվում նոր վճարային ձևաչափին։
Նրանցից մի մասի կարծիքով՝ QR code-երը հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների համար խնդիրներ են ստեղծում, նրանք հավելվածից դժվարանում են օգտվել․ որոշների համար մատչելի է, մյուսներն էլ դժգոհ են հավելվածի աշխատանքից:
«Հաճախ չեմ օգտվում մետրոյից, հավելվածից ևս չեմ օգտվում: QR code-ի համար հերթ եմ կանգնում: Հիմա ամեն ինչ փոխվել է, ժողովուրդն անծանոթ է նոր համակարգին: Տատիկները չեն կարողանում հավելվածից օգտվել: Ես պատրաստվում եմ հավելվածը ներբեռնել, որվհետև ինձ համար հեշտ է, բայց միչև մյուսներն էլ հասկանան, հերթեր կլինեն»,- Armenia Today-ին ասաց հարցվածներից մեկը:
50 տարեկանից բարձր մեկ այլ հարցվածի կարծիքով՝ օգտվում է և՛ QR code-ից, և՛ հավելվածից: Նրա խոսքով՝ QR code-ի համար հերթերը շատ են, լրացուցիչ անհարմարություն է առաջանում։
«Հավելվածը ներբեռնել եմ: Շատ անհարմար է, վերջանում է, պետք է ինչ-որ մեկին խնդրես, որ լիցքավորի: Բոլոր հարցերը լուծել են, մնացել է ժետոնինը: Համակարգից միայն երիտասարդները չեն օգտվում: 50-60 տարեկան մարդու համար հե՞շտ է այս նոր ձևաչափին ընտելանալը»,- նշեց քաղաքացիներից ևս մեկը:
Մյուս հարցման մասնակցի խոսքով՝ առավոտյան ժամերի համար նախապես է գնում, օրվա մյուս ժամերի համար 2 րոպե է տևում հերթ կանգնելը: Նա նշեց, որ QR code-երից օգտվում է, հավելվածը չի ներբեռնել։
Քաղաքացիներից ոմանք արդեն ունեն հավելվածը, բայց այստեղ էլ խնդիրներ կան: Նշում էն, որ QR code-երը հաճախ չեն աշխատում, պետք է փորձել մի քանի անգամ:
«QR code-ը երեք անգամ պահեցի՝ չստացվեց, հետո աշխատակիցներն օգնեցին։ Հարմար չէ, ժետոնով տարբերակն ավելի լավ էր»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Հարցվողներից մյուսի կարծիքով՝ հարմարավետ է, եթե QR code-երով համակարգը միանգամից աշխատի, քանի որ գնելուց հետո տոմսը միշտ չէ, որ անմիջապես երևում է համակարգում։
«Մետրոյում հավելվածը չի բացում: Այսօր երկու տոմս եմ գնել, 5 րոպե հետո եկել, նստել եմ, բայց ցույց էր տալիս, որ տոմսը չկա, գումարը տարել էր, տոմսը՝ չկար: Երրորդ անգամ գնեցի»,- ասաց նա:
Քաղաքացիերից ոմանք էլ նկատում են, որ հավելվածով օգտվելու տարբերակը հիգիենիկ է, քանի որ շատերի կողմից օգտագործվող ժետոնները կարող են բակտերիաներ փոխանցել։
«Հարմար է, իհարկե: Նորույթ է, ավելի մատչելի է, հերթ չես կանգնում: Բազմակի օգտագործման ժետոններից, որոնք բակտերիանների փոխանցման աղբյուր էին, զերծ ես մնում»,-նշեց մյուս քաղաքացին:
Քաղաքացիները հույս ունեն, որ ժամանակի հետ համակարգը կբարելավվի, թեև կարծում են, որ սա պետության համար լրացուցիչ ծախս է։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգը, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Մանրամասները՝ տեսանյութում: