ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 1-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթն ընդունվեց 111 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն:
Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որ զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն: