Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության. ՍԴ-ն նման նախագիծ, նման փաստաթուղթ չի քննարկել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունված ՍԴ որոշ դատավորների պաշտոնանկությանը վերաբերող նախագիծը, նման արձանագրում արեց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
«Կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը ոչ թե իր իրավունքն է դրանց ենթարկվել կամ չենթարկվելը այլ ինքը իրավունք չունի դրան ենթարկվել»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական, իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին, քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա։
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա մեծ զսպվածություն ցուցաբերելով, պիտի ընդամենը ասեմ՝ որպես իրավաբան, որպես մեր Սահմանադրության հեղինակներից մեկը ես երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա»,- ասաց Թովմասյանը:
Հարցին, թե չի՞ պատրաստվում դատական կարգով բողոքարկել, եթե այդ փոփոխությունների արդյունքում զրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանը նշեց, որ նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի, գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ, Թովմասյնաը նշել է՝ թե ովքեր կարող են դիմել ՍԴ, հստակ սահմանված է Սահմանադրության 189-րդ հոդվածում։
«Ես ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետ եմ, որ իրենց խորհուրդ տամ, թե ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ կարդալուց ոնց ընկալել»»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամներ, ովքեր այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի: