ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը հայտարարել է, որ չի համարվում ՍԴ նախագահի պաշտոնակատար: Այս մասին հայտնել 168.am-ի հետ զրույցում նշել է դատավորը։
Դատավորի խոսքով՝ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք պետք է լուծվեն ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ դատարանի անդամների լիազորությունների դադարեցման համար համապատասխան անհատական իրավական ակտերի ընդունմանը:
«Պարոն Միրզոյանը վստահեցրեց, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի այդ խնդիրները կլուծվեն», – ասել է Խաչատրյանը:
Պատասխանելով թերթի այն հարցին, թե արդյոք նա կատարում է Սահմանադրական դատարանի ղեկավարի պարտականությունները, դատավորն ասել է. «Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն»։
: