Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալին երկու օրով ՀՀ սահմանը հատելու թույլտվություն տալ։
Միհրան Պողոսյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, և նրա ծնողներն ու եղբայրները հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018 թ. նոյեմբեր ամսից չի եղել այնտեղ։
Ըստ պաշտպանի խոսքի՝ Յուրի Խաչատուրովի բացակայությունը որևէ ազդեցություն չի ունենա գործի քննության վրա, քանի որ դատական նիստերը նշանակվում են, սովորաբար երեքշաբթի օրերին, ուստի դատական նիստերի ընթացքում երկու օրով նա կարող է բացակայել Հայաստանից, իսկ հարկ եղած դեպքում ժամերի ընթացքում կարող են ապահովել Յուրի Խաչատուրովի ներկայությունը դատական նիստերին։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա։
«Յուրաքանչյուր սահմանահատման թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է գնահատի մի կողմից ամբաստանյալի՝ դատարան ներկայանալուն խոչընդոտելու հանգամանքը, մյուս կողմից՝ դատարանը պետք է գնահատի այն փաստարկումը, որը դրված է մեկնման անհրաժեշտության հիմքում, մասնավորապես, այդ փաստարկումը պետք է լինի այնքան ծանրակշիռ, որ գերակշռի դատարան չներկայանալու ռիսկը: Տվյալ պարագայում դատարանն ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որոնք կարող են խոչընդոտել Խաչատուրովի՝ դատարան ներկայանալուն», – ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին լքել Հայաստանի սահմանը։