Ինձ ԱԱԾ հրավիրել էին մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ, նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց։ Իրականում ոչնչի մասին է այդ գործը, հերթական շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող գործ է, որ վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ իմ նկատմամբ իրականացել են քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Շատ լավ գիտեք, որ այն մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել, ինչպես նրանք, այնպես էլ այս «մեղադրանքը» հօդս է ցնդելու»,- ասաց Վանեցյանը:
Վանեցյանը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով․
«2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, որը, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ՝ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել»: