ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանության բաժնի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի վերաբերյալ։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը ենթադրաբար ՀՀ քաղաքացի է:
Ըստ հաղորդագրության՝ նա Բերդի 40-ամյա բնակիչ է, որը հայտնաբերվել և ձերբակալվել է ապօրինի կերպով զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը պայթուցիկ սարքի օգնությամբ պայթյուն է իրականացրել Բերդ քաղաքի ոստիկանության շենքի մոտ: Վնասվել են պատերն ու պատուհանները, շենքին էական վնաս է հասցվել։
Քրեական գործ է հարուցվել «գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում» և «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» հոդվածներով: