ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որով կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ապահովելով իրավական որոշակիություն, պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացում, լրագրողի՝ տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների արդյունավետ պաշտպանություն:
Այսպիսով, քրեորեն պատժելի կհամարվի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ անկախ հանցակազմի սուբյեկտի հասարակ կամ հատուկ լինելու հանգամանքից:
Նշենք, որ ընդունված հոդվածի դիսպոզիցիայում առկա ոչ հստակ ձևակերպման պայմաններում արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով որակելը դառնում է խնդրահարույց այն դեպքերում, երբ հանցագործության սուբյեկտը պաշտոնատար անձ չէ: