ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է Վահան Բադասյանին կալանավորելու որպես հիմք ներկայացվող բնակության մշտական վայր չունենալու հանգամանքին։
«Ըստ էության, դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու վերաբերյալ կայացված հիմնավոր որոշումը ստվերելու և նսեմացնելու նպատակով ծավալվել է նշված քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանի թիրախավորման, նրա բարի համբավն արատավորելու անբարո արշավ,-նշել է Աբրահամյանը և պարզաբանել,-Վարույթն իրականացնող մարմնի կողմից Վ․ Բադասյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննության ժամանակ, դատարանի կողմից այդ կապակցությամբ մեղադրյալին ընդամենը տրվել են ճշտող հարցեր, ինչին ի պատասխան վերջինս պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունի և բնակվում է ազգականների տանը։
Այդքանից ավելին դատական նիստում նշված հանգամանքի վերաբերյալ որևէ քննարկում չի ծավալվել»։
Աբրահամյանը հավելել է, որ նիստին մասնակցող դատախազի կողմից այդ հանգամանքի վրա որևէ կոնտեքստում, որևէ հղում չի կատարվել, իսկ խափանման միջոց կալանքի հիմքերի քննարկման ժամանակ նրա կողմից այդ հանգամանքն առհասարակ որպես փաստարկ չի նշվել։
«Նրանում, որ միտումնավոր կերպով կատարվում է իրողությունների պարզունակ խեղաթյուրման գործընթաց, և դատախազին վերագրվում են մտացածին մտքեր, ընդ որում՝ նաև այդ դատական նիստին չմասնակցած անձանց կողմից, կարելի է ընդամենը համոզվել դատական նիստի ձայնագրված արձանագրությանը ծանոթանալու արդյունքում»,-նշել է Աբրահամյանը։
Նա կոռեկտության, մասնագիտական էթիկայի, բարոյական նորմերի տարրական կանոնները պահպանելու կոչ է արել այն իրավաբաններին, որոնք կարող են իրենց թույլ տալ նման թեթևությամբ խաղալ գործընկերների անվան ու հեղինակության հետ։