Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ նախորդ նիստում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ։
Ավելի վաղ փաստաբանները ներկայացրել էին նաև միանգամից մի քանի միջնորդություններ գործով դատախազներին, այդ թվում` գլխավոր դատախազին հեռացնելու մասին: Միջնորդությունները մերժվել էին։