ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նոր հայտարարություն է տարածել Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ։ Նշենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը հայտնվել է Իրանում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել առ այն, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին հաստատված տեղեկատվություն չի ստացվել, և տեղյակ են դրա գտնվելու վայրի մասին:
Ավելի ուշ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարել էր, որ Boeing 737-300-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն, անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։
Հղում անելով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության ավելի վաղ արված վերոնշյալ հայտարարությանը՝ Քաղավիացիայի կոմիտեից նշել են, որ ավիաընկերությունն օտարերկրյա կազմակերպությունից վարձակալության պայմանագրով ձեռք է բերել Բոինգ 737-300 գ/հ 28873 օդանավ:
«Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը։ Ավիաընկերությունը կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ: Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։
Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանում տեղակայված տեխսպասարկման կայանում՝ օդանավի թռիչքային պիտանիության ապահովման համար նախատեսված տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021 թվականի փետրվարի 12-ից 22-ը վավերության ժամկետով։
Միաժամանակ, ավիաընկերությունը դիմել է կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել մեկ թռիչք դեպի Գոստոմել օդանավակայան։ Սահմանված ընթացակարգերի համապատասխան՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև 2021 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։ Այդուհանդերձ, օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում:
Նշենք նաև, որ ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։
Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար: Կոմիտեի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ստեղծված իրավիճակի հանգամանքները, պատճառները պարզելու համար, մասնավորապես՝ կապ է հաստատվել Բուլղարիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության հետ:
Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանում ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Կոմիտեում իրականացվում է քննություն՝ վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին:
Ներկայումս կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ օդանավը ՀՀ տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։
Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար»,-նշված է Քաղավիացիայի նոր հայտարարության մեջ։
Նշենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ թեմային էր անդրադարձել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը նույնպես նշեց, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է ինքնաթիռը տնօրինող «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը: