Երևանի Աջափնյակ համայնքում գործում է հանցավոր խումբ: Այս մասին հունիսի 22-ին Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով ՝ խումբը բաղկացած է 40-45 մարդուց, որոնք գործում են որոշակի սխեմայի համաձայն՝ պետական կառույցների, դատական համակարգի, տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:
«Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում»,- նշեց Հայկ Մարությանը։
Անցյալ տարվա դեկտեմբերից անօրինական շենքերը քանդելու վերաբերյալ 60 արձանագրություն է կազմվել, որից 45-ը՝ համայնքի հողերում : Ապամոնտաժումն իրականացվել է 34 հասցեներում, բայց անօրինական շենքերն այնքան շատ են, որ դրանք պարզապես չեն հասցնում քանդել, այդ թվում նաև այս հանցավոր խմբավորման հակադրության պատճառով:
Քաղաքապետը մատնանշեց վերջերս կատարված դեպքը, երբ 40-45 հոգանոց զինված անձինք բախվեցին քաղաքապետարանի 7 և ոստիկանության երեք աշխատակիցների հետ: Իրավապահ մարմիններին տեղեկացրել են այս բոլոր փաստերի մասին: