Պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:
Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայնքային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրությունը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:
Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջանի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: