Դատարանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը ընդունելու հիմքեր չի տեսնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ մնում է իր կարծիքին. Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր կային։ Փաստաբանը միևնույն ժամանակ նկատեց, որ ամեն դեպքում պարտավոր է հարգել ու ընդունել դատարանի կարծիքը, քանի որ Վահե Միսակյանն այն եզակի դատավորներից է, որի որոշումը պարտավոր ենք հարգել:
Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ պատգամավորի առողջական վիճակը չի բարելավվել, ինսուլինի այն քանակը, որը նա ստանում էր՝ 100-ից ավելի, մինչ օրս ստանում է, ընդ որում՝ սեփական միջոցներով։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: