ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները։ Այս մասին հայտնել է ԱԱԾ-ն։
Հաղորդվում է, որ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին՝ որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
Այդ պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017-ից մինչ 2021 թ․ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում։
Այս ամենի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754 000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156 424 708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: