Երևանի ընդհանուր իրավասության դատարանն «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Նարեկ Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և այն որակում է որպես քաղաքական հետապնդում։
«Պետք է պետպատվեր իջեցնողներին երազախաբ անել, դատարանի որոշումը Նարեկ Մանթաշյանին և նրա ընտանիքին չեն կոտրել, հասկանում են, որ սա պայքար է, և այն ենթադրում է կալանավորումներ, ռեպրեսիաներ։ Սա ես կապում եմ ՀՀ գլխավոր դհոլչու (Գլխավոր դատախազ-խմբ․) ձեռագրի շարունակության հետ։ Եթե կարելի է գլխավոր դհոլչու մակարդակով ՍԴ որոշումներ քննարկել, քննադատել, փնովել, կասկածի տակ առնել վերջնական դատական ակտերի իրավաչափությունը, ապա ինչու պետք է կաշկանդվեն իրավապահ համակարգի մյուս անդամներ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։