Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Ինչպես տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը կլինի այսօր երեկոյան։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռակա կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական նշանակվեց փետրվարի 1-ին՝ կախված Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքից։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ևս դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին լքել երկիրը։ Այսպիսով, Գևորգյանը չկարողացավ մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված մեկ այլ անձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում էր ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։