Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը մինչև ՍԴ որոշումը։ Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ «Քր․ Դատ․-ը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։
Պաշտպանը պնդեց, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին»:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր համար այդ ձևակերպումներն անհասկանալի էին հենց մեղադրանքն առաջադրելու պահին, իսկ երբ քննիչին ասել է այդ մասին, վերջինս պատասխանել է, որ պարզաբանելու պարտավորություն չունի․ եթե համաձայն չեք, այդպես էլ մակագրեք։
«Իմ փաստաբաններն ասում են, որ նրանք էլ չեն հասկանում մեղադրանքը։ Քննիչը համարել է, որ այն պարզաբանելու պարտականություն չունի։ Դուք ինձ հարցնում եք՝ հասկանալի՞ է, թե՝ ոչ։ Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ Կամ եթե այս դահլիճում ոչ ոք նման պարտականություն չունի, ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս։ Ձևական ինչ-որ մի բա՞ն է։ Ենթադրում եմ, որ օրենքի պահանջ է։ Ուրեմն կա օրենսդրական բաց»,- հայտարարեց Քոչարյանը։
Միջնորդությանը միացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Դատարանը հեռացավ խորհդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 1-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ դատախազ Պետրոս Պետրոսյանի ընթերցած մեղադրական ճառի՝ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ըստ մեղադրական ճառի՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ մեղադրող կողմի համաձայն, մեղադրյալներին կարող է սպառնալ 7-12 տարվա ազատազրկում: