«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին ներկայացրեցի Ազգային ժողովի կողմից ընտրված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին»։ Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։
Ըստ Արշակյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու նշանակությունն է՛լ ավելի է կարևորվում Հայաստանում 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո` ժողովրդավարական համակարգի ամրապնդման և զարգացման, դատաիրավական բարեփոխումների ներկա շրջափուլի, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ արտաքին մարտահրավերների հաղթահարման այս ժամանակաշրջանում։
«Այս կարևոր պաշտոնում պարտականությունները ստանձնելու առիթով շնորհավորելով և հաջողություն մաղթելով տկն․ Գրիգորյանին՝ համոզմունք հայտնեցի, որ նրա անձնական և պրոֆեսիոնալ հատկությունները լավագույնս կծառայեն Պաշտպանի ինստիտուտի արդյունավետ աշխատանքին և հետագա զարգացմանը»,- նշել է Արշակյանը։
Նշենք, հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ Քրիստիննե Գրիգորյանը 41 տարեկան է։ 2018-ին եղել է փոխվարչապետի խորհրդական, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։