ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված գործը սուտ է: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նման պնդում արեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի համոզմամբ՝ մեղադրանք առաջադրվեց այն ժամանակ, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նա, որպես հայ մարդ, մտահոգություններ է հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նշել, որ սատարում է Ռոբերտ Քոչարյանին:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի գործով ուղղորդված քննություն է իրականացվել:
«Դատավոր Դավիթ Արղամանյանը հիմք է հորինել՝ արդարացնելու Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելը, պարզ է, որ Դավիթ Արղամանյանը հստակ խնդիր ունի դրված, որ պետք է անընդհատ երկարացնի կալանավորման ժամկետը։ Մասնավորապես՝ Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննության ընթացքում քննիչը նշել է, որ վկաների հարցաքննություն չի նախատեսվում, պետք է հարցումներ իրականացվեն, որոնց կարող է, իբր, խոչընդոտել է Աղվան Հովսեփյանը: Ո՞նց եք Աղվան Հովսեփյանին կաշառք տալու համար մեղադրանք առաջադրում, վերցնողին՝ ոչ․ ձեր մա՞րդն է»,- հարց բարձրացրեց Սարգսյանը և հավելեց, որ պահանջում են գործ հարուցել դատավորներ Դավիթ Արղամանյանի ու Արմեն Դանիելյանի նկատմամբ:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Աղվան Հովսեփյանի գույքի վրա արգելանք է դրվել, այդ թվում՝ թոշակի:
Հիշեցնենք, որ Հովսեփյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ժամանակահատվածներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։