Մենք բազմիցս հրապարակային ապահովել ենք տեղեկատվություն, որ դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված է քրգործ, որի քննության առարկան է 44-օրյա պատերազմին նախապատրաստվելու, ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ պատճառական կապը։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի հարցին, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը հանցակազմ պարունակում, պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով՝ քրգործը պետք է պատասխան տա այն հարցերին, թե մինչպատերազմական իրավիճակում, պատերազմի ողջ ընթացքում ռազմաքաղաքական մեր ղեկավարությունն այս կամ այն ուղղությամբ գործողություններն իրավաչա՞փ է իրականացրել, թե՞ ոչ։
«Զոհված զինծառայողների հարազատների ներկայացրած հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր ԱԺ-ի նիստի ժամանակ հանրապետության վարչապետի ելույթում հնչած խոսքերին, որոնք արդեն ԳԴ-ն ուղարկել էր հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ խոսքը դիտարկվում է քրգործով ձեռք բերված այլ փասերի համադրման արդյունքում։ Այն ինքն իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ, եթե չդիտարկվի այլ փաստերի համադրմամբ»,- ասաց Դավթյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը ԱԺ-ում հայտարարել էր, որ եթե պատերազմն ավելի շուտ կանգնեցվեր, ապա կլիներ նույն իրավիճակը, սակայն ավելի քիչ զոհեր կլինեին։
Գլխավոր դատախազի խոսքով՝ միայն այդ խոսքը չի կարող ունենալ իրավական հիմք։