Մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ սահմանային գոտում պետք է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպես նաև պետք է քննարկվեն դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովների ստեղծման հարցերը։
Հանդիպման հաջորդ օրը երկու երկրների ղեկավարները սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստեղծման որոշումներ ստորագրեցին։ Ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի ունեցավ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության եկան hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
Armenia Today-ը ներկայացնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման հիմնական սկզբունքները և դրանց առանձնահատկությունները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացում։
Դեմարկացիան և դելիմիտացիան այն գործընթացներն են, որոնցով հստակեցվելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։ Այս գործընթացների համաշարում է հայտնվել նաև անկլավների հարցը, որոնք Խորհրդային Միության փլուզումից և Արցախյան առաջին պատերազմից հետո մնացել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում։
Հայաստանի կառավարության պաշտոնական տեսակետով սահմանների ճգրտումները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ունեցել է Խորհրդային Հայաստանը։ Այդ գործընթացում պետք է ներգրավվեն հայկական և ադրբեջանական կողմերը, իսկ ռուսական կողմը այդ կողմերի համաձայնությամբ պետք է հանդես գա որպես խորհրդատվական կողմ։
Ըստ միջազգային չափորոշիչների՝ դելիմիտացիայից և դեմարկացիայից առաջ երկու երկրների միջև պետք է հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև՝ պետք է ստեղծվեն երկկողմ (այս դեպքում՝ եռակողմ) հանձնաժողովներ, որոնք պետք է իրականցնեն այդ գործընթացը։
Ըստ փորձագետ Ռոբերտ Հայրապետյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հաշտության պայմանագիր ստորագրվել, սակայն բուն սահմանազատման գործընթացը կարող է ձգվել տասնյակ տարիներ։ Փաստաթղթով կողմերը նկարագրում են, թե որտեղով պետք է անցնի սահմանը։ Դելիմիտացիայի հետ կապված բոլոր հարցերը համաձայնելուց հետո կնքվում են համապատասխան պայմանագրեր, կցվում են քարտեզներ, որոնց հիման վրա պետք է արվեն դեմարկացիոն աշխատանքները։ Քարտեզները նույնպես համաձայնեցվում են կողմերի միջև։ Այս առումով հիմնականում շրջանառվում են Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզները։ Բայց այստեղ էլ շատ մեծ խնդիրներ կան: Բանն այն է, որ այդ քարտեզները միշտ կազմվել են որոշակի շեղումով ու դա արվել է դիտավորյալ, որպեսզի թշնամին երբեք չկարողանա ճիշտ կոորդինատներով թիրախավորել ու կարգավորել իր բալիստիկ հրթիռները։ Ու թե՛ շեղման չափը, թե՛ կոորդինատները պարբերաբար փոփոխվել են:
Դելիմիտացիոն աշխատանքներից հետո գալիս է դեմարկացիայի փուլը: Այդ ժամանակ դիվանագետների ու իրավաբանների խմբին միանում են աշխարհագրագետներն ու գեոդեզիստները։ Դեմարկացիան կատարվում է բացառապես գեոդեզիայի միջոցով: Գեոդեզիայի միջոցով ստացած կոորդինատների տեղորոշումը կարելի է գտնել GPS-ով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։