Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը «Սորոսի հիմնադրամ» անվանումը ստացած կազմակերպության հայաստանյան գրասենյակը լուծարելու հայցով դիմել են դատարան:
Այս մասին Facebook-ի էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Հայցադիմում ենք ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով: Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից»,- գրել է փաստաբանը՝ հավելելով, որ հայցադիմումն ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործել արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության։