Բելառուսը Հայաստանին է հանձնել հրազենի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև սպանության մեջ մեղադրվողին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազությունը։
«Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը ԱՊՀ պետությունների քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի հիման վրա բավարարել է Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ա. – ին, 1997 թվականին ծնված, սպանության համար քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու վերաբերյալ»,- նշված է Բելառուսի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Քննության տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ունենալով երկու անձանց կյանքից զրկելու նպատակ, գործելով վրեժխնդրությունից, ապօրինի ձեռք բերված հրազենից արձակել է շուրջ 15 կրակոց: Արդյունքում մեկ մարդ սպանվել է, ևս մեկին հաջողվել է փախչել։ Մեղադրյալը թաքնվել է քրեական հետապնդումից, սակայն ձերբակալվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից Մինսկի ազգային օդանավակայանում, հայտնել են գերատեսչությունում:
«Բելառուսի Հանրապետության Գլխավոր դատախազության որոշմամբ Ա.-ն հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին»,- նշել են Բելառուսի գլխավոր դատախազությունում: