Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ հետաքննել համացանցում հայտնված հայ զինվորականների մահապատիժների տեսագրությունները, որոնք ռազմական հանցագործությունների տարրեր են պարունակում: Նրա խոսքով՝ հանցագործությունների հաստատման դեպքում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն
«Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական իշխանություններին անհապաղ անցկացնել այդ տեսահոլովակների համակողմանի խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշներով», – РИА Новости -ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին և շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրության առողջացման համար: Նրա կարծիքով՝ այս դեպքում խաղաղությանն այլընտրանք չկա։
Ավելի վաղ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հիշատակել էր նույն տեսանյութը, որի ընթացքում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են ռազմագերիներին, և կոչ էր արել հետաքննություն անցկացնել այդ դեպքի կապակցությամբ, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: