Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ԱԱԾ-ի։ Datalex.am-ից տեղեկանում ենք, որ հայցի շրջանակներում Փափազյանը պահանջել է իր տվյալները hեռացնել Հայաստանի տարածքում անցանկալի անձ համարվող օտարերկրացիների տվյալների բազայից:
Հայցը Վարչական դատարանում ստացվել է սեպտեմբերի 28-ին, վարույթ է ընդունվել հոկտեմբերի 5-ին։
Հուլիսին Փափազյանը հայտնել էր, որ իրեն արգելվել է մուտք գործել Հայաստանի տարածք։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Փափազյանին արգելվել է մուտք գործել Հայաստանի տարածք, քանի որ նա եղել է 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան մոտ վարչապետի գլխավորած պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպիչներից մեկը: Ավելի ուշ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ դիմել է ԱԱԾ՝ պահանջելով վերանայել Հայաստանի իշխանությունների որոշումը: