Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ էր տրամադրել Ադրբեջանին, որից հետո որոշում կկայացներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: