Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության կարգը կփոխվի: Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել կառավարությունը: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի e-draft․am հարթակից:
Նախագծով առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության համար պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները՝ ուղեկցող խմբի ավագը:
Մեկ այլ կարգավորմամբ առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչեւ 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Կսահմանվի բացառություն` «հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթեւեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթեւեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։
Նշենք, որ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկում են Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրենքով սահմանված դեպքերում՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը և այլ անձինք, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք: