Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները փետրվարի 6-ին կանգնեցրել են 28-ամյա երիտասարդի վարած «Տոյոտան», ապա թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նրան և 30-ամյա ուղևորին: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ` լցված կանեփի սերմերի և մարիխուանայի նմանվող զանգվածներով, ընդ որում՝ զանգվածներից մեկը փաթեթավորված էր քսանհազարանոց թղթադրամով: Հայտնաբերվել են նաև 215 փոքր մագնիս, կպչուն ժապավեններ, պոլիէթիլենային տոպրակներ և այլն:
Փաստի առթիվ տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում մեքենան զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին պայուսակ՝ 82 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 200 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվել են նաև էլեկտրական կշեռք ու էլեկտրահարող սարք:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: