Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 21-ին քննել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։
Այսօր հրապարակված որոշման համաձայն՝ էական կարգապահական խախտման հիմքով դատավորի գործունեությունը դադարեցվել է։ Դատավորը արդեն իսկ ունեցել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, որը ստացել է դեռևս 2021 թվականի նոյեմբերի 11-ին, այն դեռևս մարված չէ։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը պարզաբանել է, որ դատավոր Նախշքարյանը Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի կաննոների խախտում: