Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար կսահմանվեն առավել երկար պահպանման ժամկետներ: ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող նախագծով առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի:
Իսկ հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի` գործող 10 տարվա փոխարեն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, նախագիծը ներկայացնելով, ասաց, որ առաջարկվում է լուծել տարիների ընթացքում ոլորտում առաջացած իրավական խնդիրները, վերացնել օրենսդրական բացերը, առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների շրջանառության համար, միաժամանակ վերանայել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները և չափերը:
ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով նախագիծը լրամշակվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների կողմից հնչեցված եւ Անվտանգության խորհրդից ստացված եւ Կառավարության համար ընդունելի մի շարք առաջարկների հիման վրա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իր ելույթում կարեւորելով պետական գաղտնիքի պահպանության դերը և նշանակությունը մեր անկախ պետականության զարգացման գործում, նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ լուծումներ չի տալիս: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին եւ ներկայացնելու է հատուկ կարծիք: