«Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ազատ են արձակվել. նրանց կալանքը փոփոխվել է և խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից հայտնում են, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ընդունել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը: Ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվետվությունների արդյունքում պետական բյուջե է վճարվել 2.000.000.000 դրամ։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Նոր Զովք սուպերմարկետների ցանցի քրեական գործով չորս մեղադրյալ կալանավորվել է երկու ամսով։ Խոսքը, մասնավորապես, «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի մասին է, որոնց կալանավորելու միջնորդությունները բավարարվել են:
Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցուցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։