Քննչական կոմիտեում Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի գործով քննության ավարտի մասին են հայտնել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ Արզումանյանին մեղադանք է առաջադրվել պատերազմական գործողությունների երկու դրվագով։ «Խոսքը վերաբերում է Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման հետ կապված դրվագներին։ Այսինքն՝ երկու օբյեկտների կորստի հետ կապված նրա դերակատարությանը»-նշեց Աբրահամյանը։
ՔԿ-ից հայտնեցին նաև, որ Արզումանյանի հետ կապված քրգործի նախաքննության ավարտ է հայտարարվել և ուղարկվել դատախազություն։
ՔԿ-ն նախորդ տարվա սեպտեմբերին հայտնեց, որ Արզումանյանը ձերբակալվել է։ Նշվում էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել»։