Արարատի մարզի Ոստան գյուղի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գողություններ է արել գյուղի գերեզմանատնից և Վերին Արտաշատ տանող ճանապարհի ամառանոցներից, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ապրիլի 25-ի առավոտյան ոստանցի երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է կատարածներն ու պատմել մանրամասները:
Մասնավորապես, անցած ամիսների ընթացքում երիտասարդները մի առանձնատան բաց դռնով մտել ու գողացել էին սառնարան, ձայնարկիչ ու կենցաղային իրեր: Պարզվել է նաև, որ նրանք երկու անգամ գողացել են գերեզմանոցի ցանկապատի խողովակներ և ալյումինե դետալներ:
Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ, գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բաղրամյանցի 20-ամյա երիտասարդին հայտնաբերելու, նաև այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: