2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողությունների դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Այն նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով /4 դրվագ/․ Այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Վարույթը նախաձեռնվել է այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։
ՔԿ-ից հայտնում են նաև, որ վիրավորում ստացած 4 զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։