Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվելու և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
«2023թ. հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել` Գորիս քաղաքի բնակչի՝ աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց ընդունվելու մասին: Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին, դրանք տրամադրելու նպատակով, զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված՝ նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ: Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ․Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ»,-նշել են ՔԿ-ից։
Ըստ ՔԿ-ի՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով Խաչատրյանը կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:
«Այդ ընթացքում Տ․Խաչատրյանը, իր վարած «Mercedes-Benz» մակնիշի վնասված ավտոմեքենան թաքցնելով, ընկերներից մեկի հետ, իրեն պատկանող մեկ այլ՝ «Toyota Land Cruiser 200» մակնիշի ավտոմեքենայով, լքել են Գորիսի տարածքը»,-հավելել են ՔԿ-ից։
Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցել, որը բավարարվել է:
335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը խուլիգանական դրդումներով) նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) սահմանված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Հունիսի 21-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդին Գորիսում կրակել է քաղաքացու վրա ու փախել։